ԵՄ աջակցությամբ ստեղծված ԻՐԻՍ բիզնես ինկուբատորը հայտարարումների 1-ին փուլ

1st Call for Applications of Newly Established EU supported IRIS Business Incubator 23.10.2019, Մամուլի հաղորդագրություն

«Սիրիահայերի և տեղացիների դիմակայունության բարձրացում» ծրագրի շրջանակում «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի և «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա ՀԿ-ի կողմից ստեղծվել է ԻՐԻՍ բիզնես ինկուբատոր՝ տնտեսության տարբեր ոլորտներում գործող և նոր ձևավորվող ձեռնարկությունների զարգացման և արդյունավետ կառավարման համար:

Այս, ինչպես նաև ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի ծրագրերի, ֆինանսավորման և դիմումների ընդունման մասին այսօր Արմենպրես պետական լրատվական  գործակալությունում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել են ԻՐԻՍ ծրագրի
ընդհանուր ղեկավար Միխայել Գրաբները (Ավստրիական Կարմիր խաչ), ԻՐԻՍ ծրագրի ղեկավար Լուսինե Ստեփանյանը (Հայկական Կարիտաս բարեսիրական ՀԿ), ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի նախագահ Ռուբեն Օսիպյանը և ԻՐԻՍ բիզնես ինկուբատոր ծրագրի ղեկավար Նարինե Թերզյանը:

ԻՐԻՍ ծրագրի ֆինանսավորումը 3,3 միլիոն եվրոյին համարժեք ՀՀ դրամ է (3 միլիոնը՝ հատկացված ԵՄ ՄԱԴԱԴ ֆոնդի կողմից), որից 1,9 միլիոնը կազմում է ԻՐԻՍ ծրագրի տնտեսական ինտեգրման բաղադրիչի շրջանակում ստեղծված ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի բյուջեն:

ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի նպատակն է դառնալ ստարտափների ապագա սերունդների կայուն զարգացման գործիք և նորարարական մոտեցումների միջոցով Հայաստանում խթանել ձեռնարկատիրական մշակույթի զարգացումն ու տնտեսության մրցունակության աճը, ինչպես նաև նպաստել սիրիահայերի ու տեղացիների տնտեսական ինտեգրմանը։

ԻՐԻՍ բիզնես ինկուբատորը սիրիահայ և տեղացի ձեռնարկատերերին տրամադրում է բիզնեսի զարգացման ծառայությունների ամբողջական շղթա՝ ներառյալ դասընթացներ, քոուչինգ, մենթորինգ ու ֆինանսավորում՝ դրամաշնորհների և փոխառությունների միջոցով, ինչպես նաև համաշխատանքային տարածք (co-working) Երևանի կենտրոնում:

ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի ռեզիդենտ կարող են դառնալ գործարար գաղափարներ ունեցող, ինքնազբաղված սիրիահայեր, հայրենադարձներ ու տեղացիներ, ինչպես նաև նրանց կողմից հիմնված նորաստեղծ ընկերություններ և փոքր ու միջին ձեռնարկություններ (ՓՄՁ)։

ԻՐԻՍ բիզնես ինկուբատորն առաջարկում է ինկուբացիայի երեք ծրագիր՝  Spark, Build, Start: Ինկուբացիայի ամբողջական շղթան շուրջ մեկ տարի է՝ կախված ծրագրից։ 300-ից ավելի մասնակից դասընթացների, մենթորների ու քոուչերի հետ աշխատելու հնարավորություն կունենան, շուրջ 140-ը կստանա ֆինանսավորում և co-working տարածքի հասանելիություն:

ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի գործունեության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար զանգահարել 011-474724 հեռախոսահամարով։ Մասնակցության հայտադիմումները լրացնելու համար անհրաժեշտ է այցելել  ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի ֆեյսբուքյան էջ (www.facebook.com/IRISBusinessIncubator/) կամ հետևել հղմանը:

ԻՐԻՍ բիզնես ինկուբատորը ստեղծվել է 2019 թ-ին «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի և «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի կողմից՝ «Սիրիահայերի և տեղացիների դիմակայունության բարձրացում» ծրագրի շրջանակում: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության` Սիրիայի ճգնաժամի արձագանքման տարածաշրջանային ֆոնդի (ՄԱԴԱԴ ֆոնդ), Ավստրիական զարգացման համագործակցության և Ավստրիական Կարմիր խաչի կողմից և իրականացվում է Ավստրիական Կարմիր խաչի ղեկավարած կոնսորցիումի կողմից, որի անդամներն են «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ը, Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ն և «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ն:


Վերադառնալ ցանկին