ԵՄ աջակցությամբ հիմնադրված ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի 2020թ․-ի ներդրումները

EU Supported IRIS Business Incubator's Investments in 2020 21.12.2020, Հոդված

ԵՄ աջակցությամբ հիմնադրված ԻՐԻՍ բիզնես ինկուբատորը (ԻՐԻՍ ԲԻ) ներկայացնում է փոխառությունների ու դրամաշնորհների ձևով 2020 թվականին հաղթող ռեզիդենտներին տրամադրված ներդրումների ընդհանուր արդյունքները։

1-ին ինկուբացիոն փուլի ժամանակ ԻՐԻՍ ԲԻ-ի թիմի եւ փորձագետների վարպետության դասերի, IRIS ակադեմիայի դասընթացների, փիչինգների ընթացքում ժյուրիի անդամների անկախ եւ անկողմնակալ խորհրդատվության և, իհարկե, մեր ռեզիդենտների անհատական քրտնաջան աշխատանքի, ինչպես նաև ֆինանսավորման շնորհիվ, այսօր հաղթող բիզնեսները գրանցել են զգալի հաջողություններ: 2020-ի ընթացքում ԻՐԻՍ ԲԻ-ի հիմնական խոշոր ձեռքբերումներից առաջինը 44 հաղթող ռեզիդենտներն էին` իրենց վառ գաղափարներով եւ բիզնեսներով: ԻՐԻՍ ԲԻ-ի համար երկրորդ նշանակալի ձեռքբերումն 2020 թ․-ի ընթացքում դրամաշնորհների եւ փոխառությունների տրամադրումն էր:

Հարկ է նշել, որ 2020 թ.-ին ԻՐԻՍ ԲԻ-ի կողմից հատկացվել է շուրջ 66՛000 եվրոյին համարժեք փոխառություն եւ 141՛000 եվրոյին համարժեք դրամաշնորհ: Ավելին, հաջորդ տարի ֆինանսավորման ծավալներն աճելու են:

«Հաղթահարելով 2020 թ.-ի բոլոր խոչընդոտները՝ ԵՄ աջակցությամբ հիմնադրված ԻՐԻՍ բիզնես ինկուբատորն ապացուցեց, որ մեզ համար չափազանց կարևոր է ինչպես մեր ռեզիդենտներին գիտելիքներ ու հմտություններ փոխանցելը, այնպես էլ նրանց առաջխաղացմանը բոլոր հնարավոր ձևերով աջակցելը ` անշուշտ, նպաստելով Հայաստանում բիզնեսի աճին՝ հօգուտ մեր տնտեսության կայունության ու զարգացման։ Այսօր մեր խոշոր ձեռքբերումներից է՝ տեսնել, թե ինչպես են ծաղկում նրանց գաղափարներն ու բիզնեսները», - ասաց ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի գործադիր տնօրեն Նարինե Թերզյանը:

ԵՄ աջակցությամբ հիմնադրված ԻՐԻՍ ԲԻ-ն ստեղծվել է 2019 թ․-ին «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության եւ «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից՝ «Սիրիահայերի եւ տեղացիների դիմակայունության բարձրացում» ծրագրի շրջանակում: Ծրագիրը ֆինանսավորվում է Սիրիական ճգնաժամին ի պատասխան ստեղծված ԵՄ տարածաշրջանային Թրասթ ֆոնդի՝ «ՄԱԴԱԴ» ֆոնդի, Ավստրիական զարգացման համագործակցության եւ Ավստրիական Կարմիր խաչի կողմից։

ԻՐԻՍ ծրագրի ֆինանսավորումը 3,3 միլիոն եվրոյին համարժեք ՀՀ դրամ է (3 միլիոնը՝ հատկացված ԵՄ ՄԱԴԱԴ ֆոնդի կողմից), որից 1,9 միլիոնը կազմում է ԻՐԻՍ ծրագրի տնտեսական ինտեգրման բաղադրիչի շրջանակում ստեղծված ԻՐԻՍ ԲԻ-ի բյուջեն: Ընդհանուր առմամբ 1,9 միլիոն եվրոյի հասնող այս ֆինանսավորումը աջակցելու է սիրիահայ եւ տեղացի ձեռներեցներին, ինչպես նաեւ փոքր եւ միջին ձեռնարկություններին (ՓՄՁ)` զարգացնելու թե′ սկսնակ, եւ թե′ գործող բիզնեսների արդյունավետ կառավարումը։

ԻՐԻՍ ԲԻ-ի նպատակն է դառնալ ստարտափների ապագա սերունդների կայուն զարգացման գործիք եւ նորարարական մոտեցումների միջոցով Հայաստանում խթանել ձեռնարկատիրական մշակույթի զարգացումն ու տնտեսության մրցունակության աճը: ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի  առաքելությունն է խթանել սիրիահայերի ու տեղացիների տնտեսական ինտեգրումը` բարձրացնելով տեղական տնտեսության մրցունակությունը` խթանելով Հայաստանում նորարարությունն ու ձեռնարկատիրական ոգին:


Վերադառնալ ցանկին