ԵՄ ֆինանսավորմամբ ստեղծված ԻՐԻՍ բիզնես ինկուբատորը շարունակում է գործել առցանց

EU funded IRIS Business Incubator continues to work online 06.03.2020, Հոդված

Եվրոպական միության ֆինանսավորմամբ ստեղծված ԻՐԻՍ բիզնես ինկուբատորը, որը անցյալ հոկտեմբերին հայտարարել էր SPARK, BUILD, START ծրագրերի մասին, ստացել էր շուրջ 600 դիմում-հայտ։ Այս մասին նշեց ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի գործադիր տնօրեն Նարինե Թերզյանը, որը հիմնադրվել էր Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Սիրիահայերի և տեղացիների դիմակայունության բարձրացում» (ԻՐԻՍ) ծրագրի շրջանակում։

«ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի հայտադիմումների մրցակցությունը բավականին բարձր է, քանի որ մենք ստացել ենք շուրջ 600 հայտ։ Դրանցից 160-ը հաղթահարել են առաջին փուլը և փետրվար ամսին նախ մասնակցել բիզնես գաղափարների ներկայացման դասընթացին, ապա օրեր անց ժյուրիի անդամներին ներկայացրել իրենց բիզնես նախաձեռնություններն ու ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի ռեզիդենտ դառնալու հիմնավորումները:

Երկու շաբաթ շարունակ ԻՐԻՍ բիզնես ինկուբատորում լսել և ուսումնասիրել ենք բազմաթիվ գաղափարներ։ Անչափ ոգևորիչ է տեսնել սիրիահայերի, հայրենադարձների ու տեղացիների գյուղատնտեսության, զբոսաշրջության, նորաձևության, սննդի և այլ ոլորտների հիանալի գաղափարները։ Մասնակիցները կա՛մ հնարավորություններ են փնտրում դրանք կյանքի կոչելու, կա՛մ արդեն գործող բիզնեսն ընդլայնելու համար։ Մասնակիցների և ոլորտների նման ներկայացվածությունը ևս մեկ անգամ հաստատում է ԵՄ ֆինանսավորմամբ ստեղծված ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի որդեգրած տեսլականը՝ դառնալ Հայաստանում տնտեսական ինտեգրացիայի կարևոր օղակ։ Նշված 160 թեկնածուներից շուրջ 100-ը հրավիրվել են բիզնես մոդելի ձևավորման դասընթացին, որի ավարտին ընտրված մասնակիցները կանցնեն հաջորդ՝ ԻՐԻՍ ակադեմիայի փուլ։

Հաշվի առնելով այն, որ սկսնակ ձեռներեցներին և փոքր ու միջին ձեռնարկատերերին տրամադրվող բիզնեսի զարգացման ծառայություններն ու աջակցությունը հատկապես կարևոր են ճգնաժամային այս իրավիճակում՝ մեր թիմն իր ուժերը ներդրեց, որպեսզի արագ արձագանքի մեր մասնակիցների բիզնես կարիքներին։ ԻՐԻՍ ակադեմիան, որը նախատեսված էր շուրջ 100 մասնակցի համար և ձևավորված էր գիտելիքի անմիջական փոխանցման, կենդանի շփումների մոդելի վրա, ադապտացրեցինք նաև առցանց ձևաչափի համար, որպեսզի օր առաջ կարողանանք աջակցել բիզնես նախաձեռնությունների հեղինակներին՝ պլանավորել իրենց ապագա գործունեությունը։ Կար նաև մտավախություն, որ կարող ենք բախվել տեխնիկական խնդիրների կամ մասնակիցների ոչ լիիրավ հասանելիությանը, սակայն ի ուրախություն բոլորիս՝ դասընթացներն ընթանում են բավականին ակտիվ և արդյունավետ», - ասաց Ն․ Թերզյանը։

Հարցին, թե ինչպես են գնահատել նման բազմազան ոլորտների գաղափարները, Ն․ Թերզյանը պատասխանեց, որ հաշվի առնելով ԵՄ ԻՐԻՍ ծրագրի և ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի առանձնահատկությունը, ժյուրին բազմապրոֆիլ է՝ ներառելով թե՛ զարգացման, և թե՛ ձեռներեցության ոլորտների ներկայացուցիչների, միևնույն ժամանակ ընդգրկելով փորձագետներ ձեռներեցության տարբեր ոլորտներից:

ԻՐԻՍ բիզնես ինկուբատոր հիմնադրամի գործադիր տնօրենը նաև հավելեց, որ 2020թ․ հունվար ամսին ԻՐԻՍ բիզնես ինկուբատորը գրանցվել է որպես հիմնադրամ և կազմավորվել է ԻՐԻՍ բիզնես ինկուբատոր հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը, որը ինքնին բազմապրոֆիլ և մասնագիտացված խորհուրդ է։ Այն նախագահում է Լուսինե Ստեփանյանը (Հայկական Կարիտաս բարեսիրական ՀԿ), իսկ հոբաբարձուների խորհրդի մյուս անդամներն են Ռուբեն Օսիպյանը (ՓՄՁ համագործակցության ասոցիացիա), Գեռլինդե Աստլեիթհները (Ավստրիական Կարմիր խաչ), Ալին Մասրլիանը (սիրիահայ գործարար), Ժիրայր Հաբիբյանը (լիբանանահայ գործարար, բիզնես խորհրդատու), Նաիրա Մանուկյանը (Բիզնեսի աջակցման և զարգացման փորձագետ) և Վարդան Ջիլավյանը (բիզնես խորհրդատու)։ ԻՐԻՍ բիզնես ինկուբատոր հիմնադրամի խորհրդի բազմապրոֆիլ և փորձառու անդամները ինկուբատորի թիմի և մենթորների հետ համատեղ առավելագույնս միավորում են ջանքերը՝ Հայաստանում սիրիահայերի և տեղացիների տնտեսական ինտեգրման, ինչպես նաև փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացմանն ուղղված աշխատանքներում:

Ն․ Թերզյանն ասաց նաև, որ վերջերս գործարկվել է նաև ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի www.irisbi.am կայքը, որն ամբողջությամբ ներկայացնում է իրենց գործունեությունն ու ծրագրերը։

ԻՐԻՍ բիզնես ինկուբատորը ստեղծվել է 2019 թ-ին «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի և «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի կողմից՝ «Սիրիահայերի և տեղացիների դիմակայունության բարձրացում» ծրագրի շրջանակում: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության` Սիրիայի ճգնաժամի արձագանքման տարածաշրջանային ֆոնդի (ՄԱԴԱԴ ֆոնդ), Ավստրիական զարգացման համագործակցության և Ավստրիական Կարմիր խաչի կողմից և իրականացվում է Ավստրիական Կարմիր խաչի ղեկավարած կոնսորցիումի կողմից, որի անդամներն են «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ը, Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ն և «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ն:


Վերադառնալ ցանկին