ԵՄ ԻՐԻՍ ԲԻԶՆԵՍ ԻՆԿՈՒԲԱՏՈՐԻ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

EU IRIS BUSINESS INCUBATOR’S GRAND EVENT 15.03.2022, Մամուլի հաղորդագրություն

ԵՐԵՎԱՆ, Հայաստան․ «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի և «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի կողմից հիմնադրված ԵՄ ԻՐԻՍ բիզնես ինկուբատորը մարտի 15-ին իր մեծ միջոցառման ժամանակ ամփոփեց 3 հիմնական ինկուբացիոն փուլերի արդյունքները, որոնք իրականացվել են Եվրոպական միության` Սիրիայի ճգնաժամի արձագանքման տարածաշրջանային ֆոնդի (ՄԱԴԱԴ ֆոնդ), Ավստրիական զարգացման համագործակցության և Ավստրիական Կարմիր խաչի կողմից ֆինանսավորվող «Սիրիահայերի և տեղացիների դիմակայունության բարձրացում» (ԻՐԻՍ) ծրագրի շրջանակում։

Միջոցառման նպատակն էր ներկայացնել ԵՄ ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի (ԻՐԻՍ ԲԻ) գրանցած արդյունքները, վերջինիս ազդեցությունը Հայաստանի ՓՄՁ ոլորտի վրա, ցուցադրել դրա դերը ՀՀ ՓՄՁ էկոհամակարգում, ինչպես նաև միջոցառման մասնակիցներին ծանոթացնել ԻՐԻՍ ԲԻ ռեզիդենտների համայնքի համար առկա լայն հնարավորությունների հետ, ինչպիսիք են մասնագիտական կրթությունը, ապրանքների և ծառայությունների ցուցադրությունը, բիզնես ցանցի ընդլայնումը, գործընկերության և համագործակցության առաջարկները, և այլն:

Միջոցառմանը ներկա էին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը, Ավստրիական զարգացման գործակալության Գրասենյակի ղեկավար Կլաուս Կապպերը, ԻՐԻՍ բիզնես ինկուբատոր հիմնադրամի հիմնադիր կազմակերպությունների ներկայացուցիչներ` Լուսինե Ստեփանյանը (Հայկական Կարիտաս) և Ռուբեն Օսիպյանը (ՓՄՁ համագործակցության ասոցիացիա), ինչպես նաև ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի գործադիր տնօրեն Նարինե Թերզյանը՝ ԻՐԻՍ ԲԻ գործընկերների և ռեզիդենտների հետ միասին:

Դեսպան Վիկտորինը նշեց․ «2019 թ․-ին ԵՄ կողմից ֆինանսավորվող «Սիրիահայերի և տեղացիների դիմակայունության բարձրացում» (ԻՐԻՍ) ծրագրի շրջանակում հիմնադրված ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի կայունությունն առանձնահատուկ նշանակություն ունի մեզ համար, և մենք խրախուսում ենք դրա համագործակցությունը ԵՄ կողմից ֆինանսավորվող այլ ծրագրերի հետ: Շատ կարևոր է, որ ծրագրի ավարտից հետո Ինկուբատորը մշտապես զարգանա՝ կատարելագործելով իր մեթոդաբանությունը, ընդլայնելով հասանելիությունը և սպասարկելով հնարավորինս շատ ՓՄՁ-ներ՝ խոցելի իրավիճակներում հայտնված մարդկանց հետ աշխատելու իր եզակի կարողությամբ»։

Իր հերթին նախարարի տեղակալ պրն Գևորգյանն ընդգծեց, որ ԻՐԻՍ բիզնես ինկուբատորը կարողացել է իր ուրույն տեղը գտնել Հայաստանի բիզնես էկոհամակարգում՝ ավելացնելով․ «Մենք երախտապարտ ենք ԵՄ ջանքերի համար՝ տարատեսակ ֆինանսական գործիքների միջոցով Հայաստանին հետևողական տնտեսական աջակցության հանձնառության համար: Նշվածի վառ օրինակ է ԵՄ կողմից ֆինանսավորվող սիրիահայերի և տեղացիների դիմակայունության բարձրացում ծրագրի (ԻՐԻՍ) իրականացումը, որի նպատակն է բարելավել տեղահանվածների և տեղաբնակների սոցիալ–տնտեսական դիմակայունությունը և հզորացնել Հայաստանի տնտեսական աճի  ինստիտուցիոնալ կարողությունները»։

Պրն Կապպերը ողջունեց բոլոր մասնակիցներին և նշեց, որ փոքր և միջին ձեռնարկություններն առողջ տնտեսության հիմքն են։ Նա նաև նշեց, որ Ավստրիական զարգացման գործակալությունը հետևողականորեն աջակցում է տարբեր ծրագերի, որոնք նպաստում են եկամուտների կայուն աճին:

Միջոցառման ընթացքում մասնակիցների համար կազմակերպվել էին տարբեր դասընթացներ, սեմինարներ, ինչպես նաև մասնագիտական կրթական ուղղվածություն ունեցող այլ աշխատարաններ: Վերջիններս վարում էին ոլորտի տարբեր պրոֆեսիոնալ փորձագետներ և հիմնադիր կազմակերպությունների ներկայացուցիչներ:

«Ներառականությունն ու բազմազանությունը միշտ մեր ուշադրության կենտրոնում են եղել», - ասաց Նարինե Թերզյանը։ «Մեր աշխատանքը ցույց տվեց, որ ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի կողմից առաջարկվող ծառայությունների նկատմամբ պահանջարկն իրոք շատ մեծ է։ Մեր ռեզիդենտ ձեռներեցների ավելի քան 50%-ը Հայաստանի մարզերից են, և մենք մեծ փորձ ունենք աշխատելու այնպիսի թիրախ խմբերի հետ, որոնք տնտեսական ինտեգրման կարիք ունեն, այդ թվում՝ հայրենադարձներ, միգրանտներ, փախստականներ, այլ տեղահանված անձինք, հաշմանդամություն ունեցող անձինք․ մեր ռեզիդենտների 32%-ը նշված թիրախային խմբերի ներկայացուցիչներ են։ Կարևորելով կանանց ներուժի հզորացումը, նշեմ որ մեր ռեզիդենտների 63%-ը կանայք են»։

Միջոցառման ընթացքում Լուսինե Ստեփանյանը և Ռուբեն Օսիպյանը հավաստագրեր հանձնեցին ԻՐԻՍ ԲԻ ռեզիդենտներին, ովքեր հաջողությամբ անցել էին ԻՐԻՍ ակադեմիան և ստացել ֆինանսավորում։ Լուսինե Ստեփանյանը իր երախտագիտությունը հայտնեց դոնոր կառույցներին, գործընկերներին, և իհարկե, ԻՐԻՍ ԲԻ-ի ռեզիդենտներին համատեղ ջանքերի և քրտնաջան աշխատանքի համար։ Իսկ Ռուբեն Օսիպյանն ավելացրեց, որ ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի ստեղծումը խիստ կարևոր քայլ էր, որը թույլ տվեց հայկական փոքր ու միջին ձեռնարկություններին ստանալ գիտելիքներ և հմտություններ, որոնք անհրաժեշտ են արագ աճի և բիզնեսի զարգացման համար։

ԻՐԻՍ ԲԻ հաջողակ ձեռներեցները նաև հնարավորություն ունեցան իրենց արտադրանքը և ծառայությունները ներկայացնելու առանձին սրահում կազմակերպված ցուցահանդեսի ժամանակ, որի ընթացքում տեղի ունեցավ նաև մենթորների և այլ գործընկերների հետ կապերի ստեղծում։

Ավելի քան 650 մլն ՀՀ դրամ ընդհանուր գումարի շրջանակում ֆինանսավորման պայմանագրեր են ստորագրվել ԵՄ ԻՐԻՍ ԲԻ 3 ինկուբացիոն փուլերի 150 հաջողակ ձեռներեցների հետ: ԻՐԻՍ ԲԻ թիմը կշարունակի պայծառ և ստեղծագործ բիզնես գաղափարներ ունեցող ձեռներեցներին տրամադրել բիզնեսի զարգացման ծառայությունների ամբողջական շղթա և ֆինանսավորում։

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել:
Անի Լաթոյան

ԻՐԻՍ բիզնես ինկուբատոր, Հաղորդակցության և հանրային կապերի պատասխանատու

 Հեռ. +374 11 474 724, էլ․ հասցե: ani.latoyan@irisbi.am

ԻՐԻՍ բիզնես ինկուբատորը ստեղծվել է 2019 թ-ին «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի և «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի կողմից՝ «Սիրիահայերի և տեղացիների դիմակայունության բարձրացում» ծրագրի շրջանակում: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության` Սիրիայի ճգնաժամի արձագանքման տարածաշրջանային ֆոնդի (ՄԱԴԱԴ ֆոնդ), Ավստրիական զարգացման
համագործակցության և Ավստրիական Կարմիր խաչի կողմից և իրականացվում է Ավստրիական
Կարմիր խաչի ղեկավարած կոնսորցիումի կողմից, որի անդամներն են «Հայկական Կարիտաս»
ԲՀԿ-ը, Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, «Սիրիահայերի հիմնախնդիրները
համակարգող կենտրոն» ՀԿ-ն և «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ն:

Վերադառնալ ցանկին