ԻՐԻՍ ծրագիր

ԻՐԻՍ բիզնես ինկուբատորը հիմնադրվել է «Սիրիահայերի և տեղացիների դիմակայունության բարձրացում» (ԻՐԻՍ) ծրագրի շրջանակում։ ԻՐԻՍ ծրագիրը իրականացվում է Ավստրիական Կարմիր խաչի ղեկավարած կոնսորցիումի կողմից, որի անդամներն են «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ը, Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ն և «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ն․«Սեյվ դը չիլդրեն» կազմակերպությունը ծրագրի ասոցացված գործընկերն է։

ԻՐԻՍ ծրագիրը ֆինանսավորվում է Սիրիական ճգնաժամին ի պատասխան ստեղծված ԵՄ տարածաշրջանային Թրասթ ֆոնդի՝ «ՄԱԴԱԴ» ֆոնդի, Ավստրիական զարգացման համագործակցության և Ավստրիական Կարմիր խաչի կողմից։

ԻՐԻՍ ծրագիրը մեկնարկել է 2018-ի հուլիսին և կշարունակվի մինչև 2021-ի հունիս ամիս։ Ծրագիրն ունի 4 հիմնական բաղադրիչ․

  • Առողջապահական և սոցիալական ծառայությունների հասանելիության բարելավում սիրիահայ և տեղացի առավել խոցելի բնակչության համար` ներառյալ համակողմանի տեղեկատվության ապահովումը, հոգեբանական աջակցությունն ու սոցիալական ծառայությունները

  • Սիրիահայերի բնակարանային պայմանների բարելավում

  • Տնտեսական հնարավորությունների հասանելիության բարձրացում` ներառյալ ձեռնարկատիրության զարգացման և զբաղվածության աջակցության ապահովումը սիրիահայերի և տեղացիների համար (ԻՐԻՍ Բիզնես ինկուբատոր)

  • Սիրիահայ և տեղացի երեխաների և երիտասարդների ինտեգրման և դիմակայունության բարելավում:

ԻՐԻՍ բիզնես ինկուբատորը, հանդիսանալով ԻՐԻՍ ծրագրի տնտեսական բաղադրիչ՝ նպատակ ունի դառնալ սկսնակ ընկերությունների ապագա սերունդների կայուն զարգացման գործիք և նորարարական մոտեցումների միջոցով խթանել ձեռնարկատիրական մշակույթի զարգացումը Հայաստանում: ԻՐԻՍ բիզնես ինկուբատորը սիրիահայ և տեղացի ձեռնարկատերերին տրամադրում է բիզնեսի զարգացման ծառայությունների ամբողջական շղթա, ներառյալ դասընթացներ, քոուչինգ, մենթորինգ, ինչպես նաև ֆինանսավորում՝ դրամաշնորհների և փոխառությունների միջոցով: ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի տեսլականն է դառնալ ազգային բիզնես ինկուբատոր սկսնակ ընկերությունների համար․ ինկուբատորի հիմնական խնդիրը կայուն և մրցունակ ՓՄՁ-ների ստեղծումն ու զարգացումն է՝ ձեռներեցների բիզնես գաղափարների աջակցության և շուկա դուրս բերելու նպատակով: